Ծխախոտ

cigaretԲացվում է առավոտը, մարդկանց մեծ մասը նոր սկսվող օրը ողջունում է մեկ կամ մի քանի ծխախոտ ոչնչացնելով… Առանց դրա մի՞թե կբացվեն աչքերը, մի՞թե կշնչեն մարմնի բջիջները…

Այսօր Հայաստանում ծխում են ամեն քայլափոխի, ծխում են երիտասարդները, մեծերը, պատանիները, կանայք, դպրոցականները` համարյա 10 տարեկանից: Գաղտնիք չէ, որ այդ ամենի պատճառով ծխախոտային ֆիրմաները մեծ շահ են ունենում, իսկ ծխողների թիվը աճում է, որովհետև մարդու թշնամին դիմակավորված է բարեկամի տեսքով, մինչդեռ այրվող ծխախոտը “հսկայական քիմիկական գործարան է»: Ծխախոտի ծուխը թունավոր է և պարունակում է մոտ 4000 քիմիկական միացություններ.

1) Նիկոտին – հիմնական թմրանյութ է, որի շնորհիվ է ձևավորվում ծխախոտային կախվածությունը: Այն երեք անգամ ավելի թունավոր է, քան մկնդեղը:
2) Ածխածնի օքսիդ -այս թունավոր գազը խափանում է արյան կողմից թթվածնի մատակարարումը:
3) Կապտաթթու – վնասում է թոքերը
4) Խեժեր – դրանք քաղցկեղածին են: Թոքի քաղցկեղով հիվանդության 90% -ը պայմանավորված է ծխելով:

Մի խոսքով ծխախոտը թույն է, ավելի շուտ` թունային կոկտեյլ, որի մեջ մտնում են նաև ացետոն, մեթան, տոլուոլ, ամմիակ, քիմիական այլ միացություններ: Եվ որքան դրամներ ենք վատնում այդպիսի կոկտեյլ պատվիրելու համար` վտանգելով մեր առողջությունը:

Ծխելը ուղեկցվում է մշտական հազով և բերանի խոռոչի տհաճ հոտով: Մոլի ծխողները սովորաբար ունենում են խռպոտ ձայն, այտուցված դեմք, հևոց:
Նիկոտինի մեկ գրամը, ինչպես հայտնի է, սպանում է ձիուն, իսկ սպիտակ մկանը պարզապես մասերի է բաժանում: Այսպիսի օրինակ. Մեծ ակվարիումի մեջ լողում է փոքրիկ, վառվռուն ձկնիկը: Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է ձեռքերով բռնել այդ ձկանը:

Ո՛չ: Սակայն եթե ջրի մեջ ավելացնենք նիկոտին, ապա առանց մեծ դժվարության կարելի է ձեռքերով բռնել այդ ձկանը, քանի որ նիկոտինը արագ ախտահարում է ձկան կենտրոնական նյարդային համակարգը և ուղեղը: Մեկ ծխախոտը պարունակում է 15-20 մլգ նիկոտին, յուրաքանչյուր ծխախոտի հետ ներշնչվում է 1-2 մլգ նիկոտին, իսկ 50-60 մլգ-ը ընդունակ է սպանել մարդուն: Ստացվում է, որ ծխախոտը սպանում է մարդուն դանդաղ, մեթոդապես, այսինքն աստիճանաբար:

Մինչդեռ ծխախոտային ընկերությունները վստահաբար հայտարարում են, որ բոլորը պետք է ծխեն, որ դա տղամարդկանց մենաշնորհն է և ինքնավստահություն է հաղորդում մարդուն: Իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա դա յուրատեսակ «հմայք» է հաղորդում նրանց… Չէ՞ որ հիմա, ասում են, մոդայիկ է չոր, կնճռոտ մաշկը, ինչը հատկապես էկզոտիկ տեսք  է հաղորդում աղջիկներին: Նրանք այդպես ավելի~ գրավիչ են: Իսկ եթե այն, ինչ կատարվում է այդ կնոջ ներսում, երևար նաև դրսի՞ց…

Ծխախոտի անառարկելի արժանիքներից մեկն էլ այն է, որ այն նպաստում է բիզնեսի ծաղկմանը: Օծանելիք արտադրող ընկերությունները մեծ շահույթ են ստանում դրանից: Չէ՞ որ ծխողները պետք է թաքցնեն ծխախոտի պատճառած վնասները, հոտերը, վաղաժամ ծերացման վնասները:
Ասենք, որ ծխողները անգնահատելի ծառայություն են մատուցում բժշկագիտությանը, հարստացնելով ախտաբանական գիտելիքները բժշկության բոլոր ճյուղերում  և միաժամանակ լուրջ գիտելիքներ ստանալով բժշկությունից ողջ կյանքում բուժվելու արդյունքում:

Մենք «ուրախ լուր» ունենք այն մարդկանց համար, որոնք գերադասում են մահանալ ժամանակից շուտ: Նրանք ունեն բոլոր հնարավորությունները` հիվանդանալու պալարախտով (տուբերկուլյուզով) թոքերի ու կոկորդի քաղցկեղով, էմֆիզեմայով: Միգուցե նրանց բախտ վիճակվի մահանալ հանկարծակի ինֆարկտի՞ց…

Ծխողները բարի գործ են անում…

Որքա՜ն բժիշկներ, բուժքույրեր, օնկոլոգիական կենտրոնի աշխատակիցներ կկորցնեին իրենց աշխատատեղերը, եթե չլիներ ծխախոտը:

Այո՛, ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք բոլորս պետք է ծխենք, ինչպես հավաստում են ծխախոտային ընկերության գայթակղիչ ու գունագեղ գովազդները: “Մալբորոյի” գովազդը հայտարարում է, “Առաջ, դեպի արկածները”: Իսկ ի՞նչ է ծխախոտը` արկա՞ծ, ազատությո՞ւն, թե գերություն, կախվածություն…

Երանի թե լինեին նաև այնպիսի գովազդային վահանակներ, որոնց վրա ցուցադրվեր ողջ ճշմարտությունը, թե իրապես ինչպիսի արկածների միջով են անցել այդ չարագուշակ ծխախոտը գովազդող կովբոյները,. Ուայն Մաք Լարենը մահացել է թոքերի քաղցկեղից 51 տարեկանում, Ջանեթ Սաքմընը ձայնալարերի քաղցկեղից, Դեյվիդ Գոեռլիթցը 30 տարեկանում սրտային նոպայից, Դեյվիդ

Միլլերը մահացել է էմֆիզեմայից, Ուիլլ Թորնբերին` թոքերի քաղցկեղից 56 տարեկանում…

Դե ի՞նչ, շարունակե՞նք կովբոյների արկածներով լի ճանապարհը, թե՞ որոշում ընդունենք ապրել ավելի առողջ կյանքով, և ամենակարևորը` ազատ կյանքով…

Նշագրեր:

Բաժին: Առողջություն

Մեկնաբանեք