Պոլ Բրեգի կյանքի պատմությունը մաս 2

Հրաժեշտ Ալպերին – Բրեգը ստուգում է Ի. Ի. Մեչնիկովի հետազոտությունները

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Տասնութ տարեկանում լքելով բժիշկ Ռոլյերի առողջարանը՝ ես որոշեցի, որ երկար և առողջ կյանքի գաղտնիքի որոնման ճանապարհին իմ առաջին գիտական աշխատանքը կլինի բնակվելն այն մարդկանց միջավայրում, ում նկարագրել էր իր գրքում Մեչնիկովը։ Ինձ անհրաժեշտ էր հասկանալ նրանց երկարակեցության պատճառները։ Հրաժեշտ տալով բժշկին՝  ուղևորվեցի դեպի իմ առաջին գիտական ճանապարհորդությունը։ Ինձ անհրաժեշտ իրերը տեղավորվեցին մի ուսապարկում՝ քնապարկ, կոշիկի լրացուցիչ զույգ, հագուստի փոխնորդներ, սննդի պատրաստման հարմարանքներ և որոշ մթերքներ՝ ընկույզ, չամիչ, արևածաղիկ ու խուրմա։

Ես հրաժեշտ տվեցի  փառահեղ Ալպերին, որ շրջապատում էին առողջարանը՝ տեղ-տեղ հասնելով ծովի մակերևույթից ավելի քան մեկուկես կիլոմետր բարձրության։ Խորը ներշնչելով մաքուր, առույգացնող լեռնային օդը՝  սկսեցի երկար, ոտքի ճամփորդություն ուղիղ դեպի իմ նպատակը։ Բազմաթիվ օրեր քայլելուց հետո հայտնվեցի Բալկանյան թերակղզում, Հարավ-Արևելյան Եվրոպայում (քարտեզի վրա այդ տարածքն ընկած է Իտալիայից արևելք)։

Վերջապես եղա նույն այն վայրում, որտեղ Մեչնիկովը կատարել էր իր հայտնի բացահայտումները կաթնային թթվով հարուստ սննդամթերքի բուժական հատկությունների մասին։ Դուք կարող եք նայել ժամանակակից Հարավսլավիայի քարտեզին և հասկանալ, թե ինչ վայրերում էի ես հայտնվել։ Այն օրերին (իսկ դա գրեթե 70 տարի առաջ էր), Եվրոպայի այդ հատվածը շատ հետամնաց էր։ Քաղաքներն այնտեղ շատ քիչ էին, իսկ նրանց միջև ընկած տարածքները՝ շատ մեծ։

Բայց մինչ այդ ես երբեք չէի տեսել այդքան առողջ և ուժեղ մարդկանց, որքան այդ վայրերում ինձ պատահողներն էին։ Ավեին՝ ոչ մի անգամ չհանդիպեց ոչ մի ակնոցավոր կամ լսողական սարքով, հենակներով կամ անգամ ձեռնափայտով մեկը։ Ինչ հենակ, ինչ ձեռնափայտ, ես այնտեղ չտեսա անգամ կաղերի։

Ինձ բախտ վիճակվեց լավ ուղեկցորդ գտնել։ Անդրեյը (այդպես էր նրա անունը) բացի անգլերենից վարժ խոսում էր ևս ութ լեզվով ու բարբառներով, որոնք օգտագործվում են այդ տարածքում, այդ թվում՝ սլովակերեն, չեխերեն, սլովեներեն, սերբախորվաթերեն, բուլղարերեն և ռուսերեն։Նա ամրակազմ տղամարդ էր, ինչպես ինձ թվաց սկզբում՝ մոտ 60 տարեկան։ Իսկ երբ պարզվեց, որ նա 89 տարեկան է, ես դժվարությամբ հավատացի դրան, այնքան ջինջ ու կայտառ էին նրա աչքերը, մարմինը՝ ուժեղ, իսկ միտքը՝ սուր։  Նա բարի և երջանիկ մարդ էր՝ ձայնի հաճելի տեմբրով։ Օրեկան մի քանի անգամ ուտում էր կաղամբի անաղ թթու և շատ հպարտանում էր իր մարմնի իսկապես գերազանց վիճակով։

Թվում էր՝ Անդրեյը գիտի այդ տեղանքի յուրաքանչյուր անկյունը և ծառայում էր ինձ թե որպես ուղեկցորդ, թե որպես թարգմանիչ՝ տեղի բնակիչների հետ շփվելիս, թե որպես հավատարիմ ուղեկից իմ ուղևորությունների ու ուսումնասիրությունների ընթացքում, որոնք տևեցին տարուց ավելի։ Ամեն օր հատուկ նոթատետրի մեջ գրառում էի իմ դիտարկումները՝ աշխատելով գրանցել ուսումնասիրությունների ընթացքում տեսածիս բոլոր մանրամասները։ Հատկապես հետաքրքրվում էի, թե ինչ են ուտում մարդիկ այս վայրերում և ինչպես են նրանք կառուցում իրենց կյանքն ընդհանրապես։ Հիմա, երբ գրում եմ այս գիրքը, դեղնած ու  քրքրված էջերով այդ  նոթատետրը դրված է իմ դիմաց, ուստի ես կարող եմ շատ ճշգրիտ վերարտադրել հիմա արդեն հեռու իրադարձություններն ու տպավորությունները։  (3)

Այդ առողջ մարդկանց շրջապատում ես անցկացրի տարուց ավելի և տեսա, որ նրանց սնունդը հիմնականում տարբեր թարմ մթերքներն են, որոնք հաճախ օգտագործում էին հում վիճակում։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ շատ մեծ բանջարանոց և այգի, որտեղ ծառերի ճյուղերը կոտրվում էին մրգերի ծանրությունից։ Ես կարողացա համոզվել, որ այս վայրերի բնակիչների սննդակարգը ներառում է իր մեջ ֆերմենտացված կաթնաթթվով հարուստ շատ մթերքներ՝ առանց աղի թթվեցրած կաղամբ, մածունի տարատեսակներ և թթխմորով սև  հաց։ (3)

Ես բազում փաստեր ժողովեցի, որոնք վստահեցրին ինձ, որ առողջության պահպանման համար հիմնական պատասխանատուն կաթնաթթուն է։  Այդ տարվա ընթացքում, որը ես անցկացրի այդ վայրերում՝ օգտագործելով նույն սնունդը, ինչ տեղացիները, ես զգում էի ինձ այնքան ուժեղ, որքան երբեք չեմ զգացել թե մինչ այդ, թե դրանից հետո։

Մի անգամ ասացի իմ ուղեկցորդ Անդրեյին, որ ուզում եմ խոսել որևէ գիտակի հետ և պարզել, թե ինչպես են թթվեցնում կաղամբն առանց աղի։  Շուտով Անդրեյն առաջարկեց ինձ հանդիպել կաղամբի գծով երկու «մասնագետի»՝ ամուսնական զույգի, ընդ որում ամուսիններից յուրաքանչյուրն այդ ժամանակ ավելի քան 100 տարեկան էր։

Նրանց տուն հասնելու համար, որը գտնվում էր բնակավայրերից բավականին հեռու, մենք ստիպված էինք երեք օր քայլել լեռնային տեղանքով։ Սակայն մեր ուղևորությունը հիանալի էր, իսկ շրջապատող բնությունն այնպիսին էր, ինչպիսին հավանաբար եղել է քաղաքակրթությամբ չփչացած դրախտում։  

Այդ ամուսնական զույգի տունը գտնվում էր մի հրաշալի  հովտում, որ ընկած էր այն շրջապատող բարձր սարերի արանքում։ Ինչպես ես հետո իմացա՝ ամեն տարի առատ սողանքները ծածկում էին նրանց ֆերման սարերից սահած հողի հերթական շերտով։  Բայց երբ մենք եկանք, սելավների հետքն անգամ չկար, շուրջբոլորը ալեկոծվում էր զմրուխտյա կանաչ ծովը։ Իսկ իմ աչքի առաջ բացվեց կյանքումս երբևէ տեսած ամենագեղեցիկ այգիներից մեկը։ Զարմանալի չէր, որ ապրելով երկրի վրա  100 տարուց ավելի՝ և ամուսինը, և կինը շարունակում էին հաճույք ստանալ իրենց կյանքից։

Երբ մենք հանդիպեցինք առաջին անգամ, ես չէի կարողանում հավատալ նրանց տարիքին. իմ առջև մարդիկ էին, ում մի կերպ կարելի էր 60 տալ, ոչ ավելի։ Ոչ մի ակնոց, ոչ մի լսողական սարք, շարժումների լիակատար ազատություն։ Երկուսն էլ ունեին կենդանի, ջինջ աչքեր՝ առանց կատարակտի, երիտասարդ ու առողջ մարդկանց աչքեր։ Իսկ նրանց մաշկը այնպես ձիգ էր ու երիտասարդ, ինչպիսին հաճախ անգամ կյանքի քառորդն ապրած մարդկանց մաշկը չի լինում։

Նրանք դիմավորեցին ինձ ինչպես երկար սպասված հյուրի։ Անդրեյը պատմեց նրանց, որ ցանկանում եմ գլուխ հանել, թե ոնց են առանց աղի թթու կաղամբ պատրաստում և որ դիմում եմ նրանց որպես այդ գործի մասնագետների։ Ամուսինները համեստորեն ժպտացին։ Մինչև հիմա նրանք տեղյակ չէին,որ փորձագետներ են։ (3)

Բրեգը Լոնդոնում։ Առաջին պացիենտները։

Շվեյցարական Լեյզեն քաղաքում, բժիշկ Ռոլյերի առողջարանում անցկացրած երկու տարին, ինչպես արդեն ասել եմ, ինձ կյանքի կոչեցին։ Ոչ միայն լիովին կազդուրվեցի ինձ տանջող տուբերկուլյոզից, այլև դարձա ֆիզիկապես շատ ամուր մարդ։ Ալպիական արևը, անձրևաջուրն ու ձյան հալոցքի ջուրը, որը ես օգտագործում էի խմելու համար, լեռնային մաքուր ու թարմ օդը, բնական մթերքները դարձրին իմ մարմինը միանգամայն նոր. նրա յուրաքանչյուր բջիջ լի էր եռանդով և ուժով։ Հիմա ի վիճակի էի զբաղվելու ինձ համար կենսական կարևորություն ունեցող և հետաքրքիր գիտական խնդիրներով՝ առաջին հերթին բիոքիմիայով և դրան առնչվող ոլորտներով։

Որոշեցի ուսումնասիրել գիտությունը Լոնդոնում և ոչ մեծ բնակարան վարձեցի՝ ոչ հեռու հանրահայտ Ռիջենտ-փարկից։ Ըստ իս այն աշխարհի ամենահիանալի զբոսայգիներից մեկն է։ Այլ բաներից զատ՝ այնտեղ կարող էի առավոտյան վազել, զբոսնել և թենիս խաղալ։ Ես ինքս էի ինձ համար պատրաստում բնական կերակուրներ, քամած հյութեր և թորած ջուր։

Տանտերն ապրում էր առաջին հարկում։ Նա և իր կինը սովորական,  բավականին տարեց մարդիկ էին։ Նրանց կերակուրն ավանդական անգլիական էր, այսինքն պարունակում էր ռաֆինացված սպիտակ ալյուրի, հացի մեծ քանակություն և այլ դեվիտամինիզացված մթերքներ։ Նրանք անընդհատ կլանում էին զանազան մուրաբաներ և ժելեներ, խմում լիտրերով թեյ՝ ռաֆինացված շաքարով և կաթով։ Միսն ու բանջարեղենը, որ նրանք ուտում էին, միշտ գերեփած էին։ Եվ ի լրումն այդ ամենի նրանք խմում էին ծորակի ջուր, որն ուժեղ քլորացված էր և հագեցած կալցի կարբոնատով ու այլ անօրգանական հանքանյութերով։(2)

Այդ բնակարանում էլ ես հարմարավետ տեղավորվեցի  և սկսեցի զբաղվել բիոքիմիայով։ Ուիլսոնները՝ տանտերերը, շուտով դարձան իմ ընկերները և ժամանակ առ ժամնակ ես մտնում էի նրանց տուն՝ խոսելու դեսից-դենից։ Ցավոք նրանք երկուսն էլ տառապում էին բազմաթիվ հիվանդություններից։  Տանտերն ուներ սուր հոդացավեր բոլոր հոդակապերում, նրան տանջում էր ռադիկուլիտը, միզապարկի հետ կապված ինչ-որ խնդիր էլ ուներ։  Տանտիրուհին ավելի բարվոք վիճակում չէր. նա 20 կգ ավել քաշ ուներ, այդ պատճառով նրա յուրաքանչյուր շարժումը ուղեկցվում էր հևոցով ու փնչոցով։ Տանտիրուհու երիկամներն էին վատ։ Զարմանալի չէ, որ մեր զրույցները պտտվում էին այս կամ այն հիվանդության շուրջ։ (2)

Մի անգամ, երբ առավոտյան վազքս կատարել, վերադառնում էի տուն, ոտքս կախ գցեցի ներքևում՝ տանտերերի բնակարանի մոտ և տեսա, որ միստեր Ուիլսոնը  շատ հիվանդ է. նրա ջերմությունն այդ օրը հատկապես բարձր էր, քթից չռռում էր, այդ պատճառով էլ նա կուլ էր տալիս օդը լայն բացված բերանով։ Ես թույլտվություն խնդրեցի մտնելու նրա ջեռուցվող և շոգ ննջարանը, որտեղ շնչելու օդ չկար։

Խեղճը ինձ տեսնելով շշնջաց. «Աստծու սիրուն, օգնեք, ես շատ վատ եմ»։

Ես պատասխանեցի նրան՝ բառերն արտասանելով հնարավորինս համոզիչ.  «Միստեր Ուիլսոն, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին և պահպանեք բնականոն կազդուրման սննդակարգը, որը ես կկազմեմ ձեզ համար, դուք անպայման ձեզ ավելի լավ կզգաք»։

Գիտեի, որ կկարողանամ օգնել այդ խեղճ մարդուն, սակայն համոզված չէի, որ նա ունի ամուր կամք և իսկապես կցանկանա հետևել իմ խորհուրդներին։(2)

Այնուհետև նրան սննդակարգ նշանակեցի՝ միայն բնական մթերքներ և միայն թորած ջուր ու միրգ-բանջարեղենից պատրաստված հյութեր, որոնք ես ինքս էի նրան մատակարարում։ Հազիվ երեք շաբաթ էր անցել, և ահա նա հայտնվեց իմ բնակարանում, այլ կերպ ասած՝ միստեր Ուիլսոնը բարձրացել էր հինգերորդ հարկ առաջին անգամ վերջին յոթ տարիների ընթացքում։

Տեսնելով այդ առաջխաղացումը՝ նրա կինը նույնպես ցանկացավ անցնել սնման բնական եղանակին։ Շուտով նա նիհարեց, և նրա հագուստն արդեն մեծ էր իր վրա։ (2)

Բրեգը վերադառնում է տուն։ Բժշկի պրակտիկայի շարունակությունը։

Վերականգնելով առողջությունս բժիշկ Ավգուստ Ռոլյերի առողջարանում, որ գտնվում էր շվեյցարական Լեյզեն քաղաքում՝ ես սկսեցի պարբերաբար ծոմ պահելու իմ ծրագիրը։ Այդպես ապրեցի հինգ տարի։  Մի անգամ տասնօրյա սովի ընթացքում հրաշք տեղի ունեցավ։ Վիրիջնիայի իմ հին, տոհմական ֆերմայում էի, ծոմի յոթերորդ օրը թիանավակով զբոսնում էի գետի վրա՝ վայելելով արևն ու մաքուր օդը։ Հանկարծ սարսափելի ցավեր սկսվեցին իմ ստամոքսում։ Այդպիսի բան կյանքումս չէր եղել։ Մեծ դժվարությամբ հասա ափ, դատարկեցի ստամոքսս, ու տեսա՝ բաժակի մեկ երրորդի չափով սնդիկ դուրս եկավ միջիցս՝ «Կալոմել»-ից մնացած, որը ես ընդունում էի մանուկ հասակում։ Այս դեպքը կտրուկ փոխեց իմ մարմնի վիճակը։ Այդ օրվանից հետո ես վերջապես իմացա, թե ինչ բան է  հիանալի առողջությունը։ Իմ կենսական ուժերը խիստ աճեցին բնական կենդանի սննդով կերակրման, սովաբուժության և բնության ուժերի՝ մաքուր օդի, արևի, ֆիզիակական վարժությունների ու լողի օգտագործման սիստեմին հետևելու արդյունքում։ Ես վստահ եմ, որ այդ տարիների ընթացքում մարմնիցս հեռացրեցի իմ մանկական հիվանդությունների բուժման համար օգտագործած դեղերի մնացորդները։ (1)

Այն բանից հետո, երբ լքելով տունը՝ կարգի բերեցի առողջությունս, վերադարձա Վիրջինիա, որտեղ ապրում էր Լուիզան։  Նա արդեն հասուն աղջիկ էր, բայց ամուսնացած չէր։  Դասավանդում էր դպրոցում և  վտիտ, գունատ, հյուծված ու շատ թույլիկ էր։ Դասարանում անցկացրած ծանր օրվանից հետո նա գալիս էր տուն և ընկնում անկողին  լրիվ ուժասպառ։

Ես եկա Վիրջինիա, երբ սկսվել էին ամառային արձակուրդները։  Պատմեցի քրոջս իմ սիստեմի մասին և առաջարկեցի օգնել նրան։ Նա համաձայնեց, քանի որ մեծագույն հրաշք համարեց այն, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ բնական կենսակերպի արդյունքում։ (1)

Այն, ինչ արեց քույրս, հետագայում կրկնեցին հարյուրավոր մարդիկ։ Սովաբուժությունը հիանալի արդյունքներ է տալիս ինչպես ավել, այնպես էլ նվազ քաշի դեպքում։ Երկու տեսակի մարդիկ էլ   սովաբուժությամբ ուղեկցվող նույն բնական կենսակերպի կարիքն ունեն։ (1)

Ես ունեմ հոլիվուդյան հայտնի կինոաստղերին սովաբուժությամբ կարգի բերելու բազմաթիվ տարիների փորձ։ Կինոխցիկը չգիտես ինչու մարդուն մի քիչ գեր է ցույց տալիս, քան իրականում է։ Բայց չէ՞ որ աստղը պիտի սլացիկ և նրբագեղ լինի ։ Երբեմն մեջքի բարակությունից է կախված դերասանուհու ճակատագիրը։ (1)

Փոլ Բրեգը մահացավ 1976 թվի դեկտեմբերին 95 տարեկանում։ Բայց մահացավ նա ամենևին ոչ ծերությունից։

Այդ մարդու մահը ողբերգական դժբախտ պատահար էր.  Ֆլորիդայի ծովափին մոտ ալիքների վրա տախտակով սահելիս նրան ծածկեց հսկա ալիքը։ Բրեգին փրկել չհաջողվեց։

Նրա մահը սգում էին հինգ երեխաները, 12 թոռները, 14 ծոռները և հազարավոր հետևորդներ։ Դիահերձողը հավաստեց, որ այդ մարդու սիրտը, անոթները և բոլոր ներքին օրգանները գտնվում էին ընտիր վիճակում։ Բրեգը ճիշտ էր, երբ ասում էր. «Իմ մարմինը տարիք չունի»։ (1)

Օգտագործված գրքեր

1– Փոլ Բրեգ «Սովաբուժության հրաշքը»

2 – Փոլ և Պատրիցիա Բրեգներ «Ապշեցուցիչ ճշմարտություն ջրի և աղի մասին»

3 – Փոլ և Պատրիցիա Բրեգներ «Առողջության աղը՝ կաղամբի անաղ թթվի մեջ»

4 – Փոլ Բրեգ «Բուժում առանց դեղի»

Նշագրեր: , ,

Բաժին: Առողջություն, Չդասակարգված

Մեկնաբանեք