Պոլ Բրեգի կյանքի պատմությունը մաս 1

Պոլ Բրեգ

Պոլ Բրեգ

Տվյալ կենսագրությունը կազմված է անմիջապես Փոլ Բրեգի գրքերից արված քաղվածքներից։

Հոդվածն ընդգրկում է Բրեգի կյանքի հիմնականում սկզբնական շրջանը՝ մանկությունից մինչև առողջության մասնագետ դառնալը։ Իրադարձությունները դասավորված են ժամանակագրական կարգով։

Տեղ-տեղ որոշ բառեր են ավելացվել՝ գրությունը դյուրընթեռնելի դարձնելու նպատակով, ինչը իմաստը չի փոխել։

Հեղինակային տեքստից քաղված յուրաքանչյուր հատվածի վերջում կա հղում գրքին, որից արված է մեջբերումը։

Վիրջինիան՝ վայր, որտեղ ես մեծացել եմ

Դաստիարակությունս ստացել եմ հարավում՝ Վիրջինիայում։ Սնունդս ահավոր է եղել՝ իննսուն տոկոսը պատրաստված թավայի մեջ. տապակած հավ, տապակած խոզապուխտ, բեկոն, կարտոֆիլ, խոզի միս և զանազան տապակած մսեր։ Ես ուտում էի թթվասերով պատրաստված թանձր սոուսներ, կրեմներ, բիսկվիթներ, ահռելի քանակությամբ կարկանդակներ, հրուշակեղեն ու մուրաբաներ։ Երբ հիշում եմ անցյալը, տեսնում եմ, որ տարիներ շարունակ տառապել եմ աուտոինտոքսիկացիայից և չեմ իմացել այդ մասին։ Տարբեր գրգռիչ միջոցներից զատ ես ընդունում էի մեծ քանակությամբ թունավոր նյութեր։ Հիմնականում իմ առողջությունը հեռու էր այն ամրությունից, որը ժառանգել եմ նախնիներիցս։ (1)
Մեր պլանտացիայում զբաղվում էին ծխախոտի մշակությամբ ու խոզաբուծությամբ։ (4)

Սովորաբար ես քնում էի տասը ժամ՝ պահանջվող ութի փոխարեն, ինչը աուտոինտոքսիկացիայի հետևանք էր։ Նույնիսկ երկարատև քնից հետո արթնանում էի չթարմացած, ճլորած և քնատ։ Բերանումս զզվելի համ էր լինում։ (1)

Մեր ֆերման գտնվում էր Պոտոմակ գետից ոչ հեռու։ Մեզ անհրաժեշտ ջուրը վերցնում էինք ջրհորից։ Բյուրեղյա մաքրության, թարմ, շողշողուն ջուր էր, սակայն շատ կոշտ էր և պարունակում էր բոլոր կրաքարերին բնորոշ կալցի կարբոնատ ու այլ անօրգանական հանքանյութեր՝ լուծված ձևով կամ կախույթի տեսքով։

Երբ եռացնում էինք ջրհորի ջուրը, այդ նյութերը տարաների պատերին շերտ-շերտ նստվածք էին թողնում՝ ժամանակի հետ ծակելով թեյնիկների և կաթսաների հատակը։ Ստիպված էինք լինում պարբերաբար շպրտել դրանք և ձեռք բերել նորերը, սակայն շատ չանցած սրանք էլ էին հայտնվում աղբանոցում։

Շատ դժվար էր լինում այդ ջրով լվանալ ափսեները, լվացք անել և կատարել այլ գործեր։ Օճառն այդ ջրում բացարձակ չէր փրփրում։ Սակայն հիմնական վտանգն այդ ջուրը պարունակում էր այն մարդկանց համար, ովքեր այն խմում էին։ (2)

Ջուրը հագեցած էր այնպիսի անօրգանական նյութերով, ինչպիսին են նատրին, երկաթը և կալցին։ Իմ բարեկամներից ու ընկերներից շատերը մահացան երիկամների հիվանդություններից։ Նրանք գրեթե բոլորը ժամանակից շուտ ծերացան, քանի որ անօրգանական նյութերը կուտակվում են անոթների և երակների պատերին, ինչը հանգեցնում է դրանց կարծրացմանը, ապա և՝ մահվան։ Իմ հորեղբայրներց մեկը մահացավ ընդամենը 48 տարեկանում Ջոն Հոփկինսի անվան հայտնի հիվանդանոցում, որ գտնվում է Բալտիմորում (Մերիլենդ նահանգ)։ Բժիշկները դիահերձումից հետո ասում էին, որ նրա անոթները կարծրացած էին, ինչպես կավե խողովակները. դրանց պատերն այդ աստիճան ներծծված էին անօրգանական նյութերով։(1)

Ահա ևս մեկ օրինակ։ Իմ պապն այդ ժամանակ 60 տարեկան էր։ Նա ամրակազմ, բարձրահասակ և ուժեղ մարդ էր, որ կշռում էր 90կգ և, չնայած իր տարիքին, ուներ պինդ մկաններ։

Նա լավ ջոկում էր ձիերից, բնածին որսորդ էր և ողջ կյանքում տքնաջանորեն աշխատել էր իր ֆերմայում։

Ես հիշում եմ օրը, երբ նա առաջին անգամ կաթված ստացավ։ Բրեգների ամբողջ մեծ գերդաստանը ճաշի էր նստած։ Հանկարծ հռնդյուն լսվեց. ափսեները ջարդվեցին դրանց վրա ընկած պապիկի ծանրությունից։ Երբ գյուղական բժիշկը եկավ, տխուր հայտնեց մեզ, որ պապիկը կաթված է ստացել, և նրա մարմնի ձախ կեսը անշարժացած է։

Այդ օրվանից խեղճ պապս անընդհատ խնամքի ու հոգատարության կարիք ուներ։ Մարմնի ձախ մասի անշարժացման հետևանքով նա անկարող էր անգամ քայլել ինքնուրույն, և այդ պատճառով զբոսնելիս ինչ-որ մեկը միշտ պիտի օգներ նրան։ Նա լիովին կորցրել էր վերահսկողությունը բնական կարիքների հոգման պրոցեսների վրա։ Ավելին՝ այդ անօգնական և հիվանդ մարդը սկսել էր հաճախ և առանց առիթի զայրանալ։ Շատ դժվարացել էր նրան կերակրելը, քանի որ նա հետ էր վարժվել ծամելուց։ Մեզ հաջողվում էր նրա կերակրափողը լցնել միայն շատ ջրիկ կամ քերած մթերքներ։

Պապիկը՝ այն հրաշալի մարդը, ում մենք գիտեինք երկար տարիներ, այլևս չկար և փաստորեն մեզ համար մահացել էր ֆիզիկապես։ (2)

Մեր ֆերմայում բազմաթիվ սևամորթներ էին աշխատում, որոնցից շատերը հրաշալի մարդիկ էին։ Մենք բոլորով ասես մի մեծ ընտանիք լինեինք։ Մեր տան տնտեսությունը վարող նեգրուհու անունը Բեսի-Լուիզա էր։ Նրան մենք վերաբերվում էինք որպես հարազատի և շատ սիրում էինք։ Տարիների հետ Բեսի-Լուիզային սկսեցին տանջել ձեռքերի, դաստակների, մատների, արմունկների, ծնկների և կոճերի արտրիտները։ Օր օրի ցավերն ավելի անտանելի էին դառնում։ Երբեմն նա չէր կարողանում դիմանալ ցավին և անզուսպ լաց էր լինում։

Ես հարցրեցի մեր ընտանեկան բժշկին արտրիտի առաջացման պատճառների մասին. ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք չկա միջոց, որ կարող է օգնել մեր խեղճ Բեսի-Լուիզային կամ գոնե թեթևացնել նրա տառապանքը։ Բժիշկն ինձ պատասխանեց անկեղծորեն.
«Փոլ,- ասաց նա,- մենք չգիտենք, թե ինչու է այդ դժբախտությունը պատում մարդկանց, ինչու են նրանք այդպես տանջվում դրանից, և մենք չունենք դեղամիջոց Բեսի- Լուիզային իսկապես օգնելու համար։ Միակ բանը, որ կարող ենք հիմա անել խեղճ կնոջ համար, նրան ցավազրկողներ տալն է»։

Մի որոշ ժամանակ անց Բեսին դադարեց վեր կենալ մահճակալից՝ տանջվելով մշտական ցավից, իսկ մի քանի տարի անց մահացավ՝ չձգելով անգամ մինչև 65-ը։ Հատկապես ծանր ու տանջալի էին նրա համար վերջին օրերը։ (2)

Մանկություն։ Տուբերկուլյոզ։ «Ռոլյե» առողջարան։

Առաջին տասնչորս ամիսների ընթացքում անընդհատ պայքար էր մղվում իմ կյանքի համար։ Ես տառապում էի ուժեղ սրտխփոցից։ Ութ տարեկանում ինձ տապալեց ռեվմատիկ տենդը, և տասնմեկ օր շարունակ գտնվում էի մահվան ու կյանքի արանքում։ Թույլ սիրտը թույլ չէր տալիս ինձ վազել և խաղալ առողջ հասակակիցներիս հետ։ (4)

Երբ ես 12 տարեկան էի, ինձ ուղարկեցին Վիրջինիա, ռազմական թեքումով դպրոց։ Ծնողներս ցանկանում էին, որ նախապատրաստվեմ Վեստ-Փոյնթի ռազմական ակադեմիայի ընդունելությանը և դառնամ սպա։ Երբ ես մանուկ էի, երեխաների ապագան միշտ մեծահասակներն էին որոշում՝ հիմնականում ծնողները։ Բայց ես չէի ցանկանում լինել զինվոր և ազնվորեն հայտարարեցի դա ծնողներիս, սակայն իմ առարկությունները նրանց վրա չազդեցին։ Նրանք ասացին, որ շատ ավելի լավ գիտեն, թե ինչով է հարկավոր ինձ զբաղվել իմ հետագա կյանքում։ Ստիպված էի ենթարկվել։ Ռազմական դպրոցում ես ոչ միայն խմում էի կոշտ ջուր, այլև ուտում էի հիմնականում առողջությանը վնասող սնունդ՝ տաք կարկանդակներ, վաֆլի, սպիտակ բրինձ, մեծ քանակությամբ տապակած նրբերշիկներ, եփած և տապակած կարտոֆիլ, գերխաշած միս, նաև դեսերտն էի խփշտում՝ կաթնահունց բուլկիներ, շոկոլադով խմորեղեն, պաղպաղակ, պուդինգներ և այլ մթերքներ՝ շռայլորեն հագեցած սպիտակ, ռաֆինացված շաքարով։

Չորս տարի չանցած՝ 16 տարեկանում ես դարձա տուբերկուլյոզի զոհ։ Եվ նորից իմ բժիշկ հորեղբորը սկսեցի հետապնդել հարցերով, թե ինչու էր այս անգամ դաժան ընտրությունը կանգ առել ինձ վրա։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Սակայն այդ բարի մարդը չկարողացավ հարցիս պատասխան տալ։

Դրանից հետո ես մի քանի տարի անցկացրի տարբեր առողջարաններում, մինչև ճակատագիրս կտրուկ փոխվեց։

Հայտնվել էի Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում, որտեղ ինձ հետազոտեցին չորս փորձառու բժիշկներ։ Առաջին իսկ հանդիպմանը ես նրանց ուղիղ հարցրեցի՝ կարո՞ղ են արդյոք փկել ինձ այդ հիվանդությունից։

Եվ ստացա ազնիվ ու շիտակ պատասխան. «Ոչ,- ասացին նրանք,- մենք վստահ չենք, որ դու կկարողանաս դուրս պրծնել այս փորձանքից»։

Երբ նրանք լքեցին հիվանդասենյակը, բուժքույրը, ով վերջերս էր Շվեյցարիայից եկել մեր երկիր ստաժավորման նպատակով, պարզապես կատաղեց. «Այս ամերիկացի բժիշկները ոչինչ չեն հասկանում տուբերկուլյոզից,- հայտարարեց նա,- ուրախ եմ, որ շուտով վերադառնալու եմ իմ առողջարանը, որտեղ մասնագետները գիտեն՝ ինչպես պայքարել այս հիվանդության դեմ»։

Ես բացականչեցի. «Կտանե՞ք ինձ ձեզ հետ։ Ես ցանկանում եմ ապրել և օգնել այլ հիվանդների»։

Եվ այդ փոքրամարմին շվեյցարուհին կատարեց իմ խնդրանքն ու տարավ ինձ իր երկիրը, որտեղ նրա համերկրացի, մեծ գիտնական, բժիշկ Ավգուստ Ռոլյերը ինձ երկրորդ ծնունդ պարգևեց և կյանքի կոչեց՝ բուժման նպատակով օգտագործելով բնական միջոցներ՝ թորած ջուր, լավ սնունդ, արևի լույս, մաքուր օդ, խոր շնչառություն և ֆիզիկական վարժություններ։ (2)

Ալպերի բարձունքում բժիշկ Ռոլյերը ներազդեց իմ թույլ մարմնի վրա արևի առողջացնող շողերով և նշանակեց ինձ արևային մթերքներից բաղկացած սննդակարգ։ (1)

Բժիշկ Ռոլյերի շատ հնարքներ, որ նա կիրառում էր առողջարանում տուբերկուլյոզի բոլոր ձևերի բուժման նպատակով, ներկայումս ստանդարտ են համարվում։ Սակայն այն օրերին նա շատ հարցերում նոր մեթոդի պիոներն էր և որոշ մոտեցումներում իր գործընկերներից առաջ անցավ 200 տարով։

Միգուցե նրա մեթոդի գաղտնիքն այն է, որ առաջին հերթին թույլ չէր տալիս իր հիվանդներին օգտագործել կոշտ ջուր։ Թեպետ Շվեյցարիայում ջուրը շատ է և ամենատարբեր աղբյուրներից է բխում, բայց բժիշկ Ռոլյերը տալիս էր մեզ միայն անձրևի կամ թորած ջուր։ Նա նաև թարմ մրգերի ու բանջարեղենի օգտագործման խանդավառ կողմնակից էր։ (2)

Բացի այդ, բժիշկ Ռոլյերը միշտ բացատրում էր մեզ՝ իր հիվանդներին, թե ինչպես են իր կիրառած մեթոդները ապաքինում մարդու օրգանիզմը։ Նա պատմում էր, որ Շվեյցարիայի գրեթե ամբողջ ջուրը կոշտ է, հագեցած անօրգանական հանքանյութերով, որոնք մեզ ոչ մի օգտակար բան չեն տալիս։ Հակառակը՝ դրանք վնասակար են, քանի որ մարմինը կարող է յուրացնել միայն օրգանական ծագմամբ սննդամթերք և հեղուկներ։ (2)

Ես լավ եմ հիշում իմ առաջին քառօրյա սովաբուժությունը։ Այդ ժամանակ իմ ղեկավարն էր հայտնի բժիշկ Ռոլյերը Լեյզենից։ Այդ օրերին պայքարում էի տուբերկուլյոզի դեմ և գտնվում էի առողջարանում արդեն տարուց ավելի։ Բժիշկ Ռոլյերը նախազգուշացրել էր, որ ինձ սպասվում է ծանր փորձություն, և իսկապես էլ այդպես էր։ Բարի բժիշկս պատվիրել էր ամեն օր հետևել մեզիս։ Ամեն օր մեզի նմուշ էի վերցնում և շշով պահում այն։ Շարում էի շշերը դարակին՝ իմ ննջասենյակում, և ամեն օր մանրազնին ուսումնասիրում նմուշները։ Քանի դեռ մեզը հովանում էր ու նստվածք տալիս, ես հնարավորություն ունեի տեսնելու՝ ինչպես է մեծ քանակությամբ օտարածին նյութը դուրս գալիս իմ օրգանիզմից։

Այդ ժամանակից իմ առողջությունն ու կենսունակությունը սրընթաց լավացան։ Բժիշկ Ռոլյերի հսկողության տակ ես ծոմապահությամբ եմ զբաղվել ոչ մեկ անգամ։ Նա սովորեցրեց ինձ քաղցած մնալ 24 ժամ, իսկ հաջորդ ինը ամիսներին ես նրա ղեկավարությամբ հաղթահարեցի 7-, 14- և 21- օրյա քաղց։ Ծոմի արանքներում պահպանում էի հիմնային սննդակարգը։ (1)

Բուժումն ավարտելով՝ պատրաստվում էի լքել բժիշկ Ավգուստ Ռոլյերի հայտնի կուրորտը, որտեղ հիմնական պրոցեդուրաները արևի ճառագայթներն ու բնական սննդամթերքն էին։ Իմ տուբերկուլյոզից, որը ինձ հասցրել էր մահվան դուռը, հետք անգամ չէր մնացել։ Ես զգում էի ինձ այնպես, ասես ծնվել եմ նորից։ Իմ թոքերում չկար տուբերկուլյոզի ոչ մի միկրոբ։ Ընդ որում խոսքը հիվանդության ժամանակավոր թեթևացման մասին չէր, ես դուրս էի գալիս առողջարանից որպես կատարելապես առողջ մարդ։ Բնական մթերքները, մաքուր օդը և հրաշագործ արևը, որ «աշխատում» էին իմ բժշկի ղեկավարության ներքո, արեցին ևս մի բարի գործ։ Իսկ կատարվում էր այս ամենը շատ վաղուց, երբ այս գրքի հեղինակն ընդամենը 18 տարեկան էր։(3)

Երբ իմ բուժման կուրսն ավարտվեց, և ես հեռանում էի առողջարանից, բժիշկ Ռոլյերը զգուշացրեց, որ պետք է խմեմ միայն անձրևաջուր կամ ձյան հալոցքից ստացված ջուր, մրգերի և բանջարեղենի հյութեր կամ թորած ջուր։ (2)

Շարունակելի

Օգտագործված գրքեր

1– Փոլ Բրեգ «Սովաբուժության հրաշքը»

2 – Փոլ և Պատրիցիա Բրեգներ «Ապշեցուցիչ ճշմարտություն ջրի և աղի մասին»

3 – Փոլ և Պատրիցիա Բրեգներ «Առողջության աղը՝ կաղամբի անաղ թթվի մեջ»

4 – Փոլ Բրեգ «Բուժում առանց դեղի»

Նշագրեր: , ,

Բաժին: Սովաբուժություն

Մեկնաբանեք