Մեծ Պահքի շրջան. Ոչ միայն հացիվ

Փետրվարի 20-ից Հայ եկեղեցու ծիսակարգում Մեծ Պահքի շրջան է, որի ընթացքում Եկեղեցին հավատացյալ ժողովրդին պատրաստում է արժանավորապես և մեծագույն երկյուղածությամբ մոտենալու Ս. Հաղորդության Սեղանին՝ հռչակելով մեր Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը:

Ցավոք սրտի, այսօր մեզանում «պահք պահելը» հաճախ նորաձև երևալու պես մի բան է դարձել, երբ տասնյակ մարդիկ (առավել հաճախ երիտասարդ աղջիկներ ու կանայք) այն դիտարկում են որպես դիետայի հաջող շրջան, իսկ պահեցողության մեջ գտնվողների զգալի մասն էլ, հրաժարվելով կենդանական ծագում ունեցող այս կամ այն սննդատեսակից, երբևէ մտքով էլ չի անցկացնում Եկեղեցի այցելել, մասնակցել սրբազան ծեսերին, միտքն ու հոգին զբաղեցնել ոչ թե առօրյա սերիալադիտությամբ, այլ աստվածաշնչյան կամ հայրաբանական հոգեշահ ընթերցումներով և, ըստ այդմ, մարմնի ցանկությունները զսպելով՝ հոգով ավելի մոտենալ Աստծուն, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն է փաստում՝

«նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-8):

Պահքի այս շրջանում սննդի որոշ տեսակների վրա դրվող սահմանափակումը հիմնականում նպատակ ունի կենդանական ծագում ունեցող սննդամթերքները փոխարինել «ճաշի» այլ տեսակներով՝ ավելի հարուստ և սննդարար, անանց ու պտղաբերող, ինչպիսիք ավետարանական պատգամներն ու առակներն են, որոնք քրիստոնյայի համար զարթուցիչ կոչնակի դեր պիտի կատարեն: Այդ կոչնակը Եկեղեցու զանգերի նման հավատացյալներին հրավիրում է արթուն կյանքի: Այս շրջանում է, որ յուրաքանչյուր ոք փորձում է զղջումով ու ապաշխարությամբ մեղքից հեռանալ ու մաքրվել: Ինչպես Ադամը մեղանչելուց հետո չխոստովանեց ու պատուհասից չազատվեց, այնպես էլ ամեն ոք, եթե մեղանչելուց հետո չխոնարհեցնի իր անձը՝ խոստովանելով իր մեղքերը, դրանց պատուհասներից չի խուսափի:

Այսպիսով, պահքը նախևառաջ ինքնամաքրման, սեփական «ես»-ը խոնարհեցնելով Աստծո կամքին հնազանդվելու և աղոթքով ու խոկումով չարի փորձություններին դիմանալու, դրանց դիմադրելու և հաղթանակած դուրս գալու մի շրջան է: Այստեղ կարևոր է ոչ այնքան սննդային զսպումը, որքան Աստծո հետ սեփական հարաբերությունների կարգավորումը: Լեռան քարոզում Քրիստոս պատվիրում է.

«կատարյալ լինել, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ. 5.48):

Պահքի շրջանն այդ առումով նաև կատարելության, ներքին ներդաշնակության տանող մի շրջան է. այն, ինչ կորցրեցին մեր նախածնողները Եդեմական պարտեզում, Քրիստոս մեզ վերադարձրեց,

«որովհետև, եթե, մինչ թշնամի էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահվամբ, որչափ ևս առավել, երբ արդեն հաշտված ենք, փրկված պիտի լինենք նրա կյանքով (Հռոմ. 5.10):»

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2010թ.Սեղանի օրացույցի

Նշագրեր:

Բաժին: Ժամանակակից խոսք, Հոգևոր

Մեկնաբանեք