Սովի հոգեբանական ազդեցությունը մարդու վրա

կենտրոնական նյարդային համակարգ Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք (Ծննդ. 2:16-17):

Բարեւ՛ մահկանացուներին մահկանացուից: Սկզբից ի վեր պարզ է եղել, որ շատակերությունը, աչքածակությունը, ագահությունը լավ բանի չի տանում: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, գուցե մի օր սննդին գան փոխարինելու այլ միջոցներ՝ հաբեր, վիտամիններ, կամ, ասենք, սնունդը թվայնացվի: Երբ սնունդը թվայնացվի, «google»-ի նման մի  «ամենակարող» կայք կլինի, որտեղ կարելի կլինի ցուցամատի ընդամենը մի կտտոցով կշտանալ: Վատ չի լինի…..երեւի…

Իսկ եթե լուրջ. սոված մարդուց վախենալ չարժի: Վախենալ կարելի է կիսասովածներից միայն: Կիսասոված մարդը, կարծում եմ, կիսագրագետ մարդու չափ վտանգավոր է: Իսկ այ շատ կուշտ մարդիկ ձանձրալի են, քանի որ միայն մի բան են ուզում՝ քնել: Հետաքրքրությունը չկորցնելու համար՝ հետեւություն՝ ուտել պետք է ստամոքսի չափով, որպեսզի հետո կերածը ստամոքսից չթափվի այստեղ, այնտեղ եւ ամենուր, եւ որ ամենակարեւորն է՝ որպեսզի վտանգավոր չլինել:

Սովը կապված է մեր տրամադրության հետ: Սովի զգացողությունը, կարծում եմ, ավելի շուտ մարդն է տարիների ընթացքում հոգեբանորեն զարգացնում, ճոխացնում եւ բարդացնում: Ճիշտ չափը «ուտելու» մենք թերեւս միայն մոր արգանդում ենք պահում: Սրա հիմնավոր պատճառը գիտակցության մաքրությունն է: Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ հետագայում մարդը չի կարող ջանք գործադրել եւ ուտել այնքան, ինչքան իմաստ կա դրա մեջ: Ուղղակի դժվար է: Դժվար է ճիշտ այնպես եւ այնքան, ինչպես եւ ինչքան դժվար է ցանկացած այլ հաճույքից մարմնին զրկելը. այստեղ գալիս է օգնելու մի շատ կարեւոր փաստ, որ մարմինը զրկվում է դրանից միառժամանակ եւ ոչ ընդմիշտ: Սրան աստիճանաբար հասնելու դեպքում մարդը հոգեպես եւս աստիճանաբար է սովորում քիչ ուտելու, հետո արդեն չուտելու փաստին:

Իսկ ի՞նչ է լինում հետո, երբ արդեն հասունանում է մարդը: Կեղտոտվու՞մ է մարդու գիտակցությունը: Իհարկե ոչ, ընդամենը մենք մեզ սովորեցնում, վարժեցնում ենք այս կամ այն ապրելակերպին: Իսկ սրանից միանգամից կտրվելը սթրեսային է:

Եվ քանի որ ամեն մարդ, ըստ իս, ունի իր անձնական օրացույցը, ժամանակացույցն ու զարթուցիչը յուր օրգանիզմի համար,ամեն ինչից հեռանալով՝ ասեմ, որ այն ժամանակ, երբ մարդն զգում է կարիք «պահք» կամ «սով» պահելու, անպայման պետք է դա անի, քանի որ կապը բնության հետ առաջնահերթ, այնուամենայնիվ, պահում է մեր օրգանիզմը եւ ճիշտ կողմնորոշող կարող է լինել մեզ համար առաջին հերթին հենց սեփական օրգանիզմը: «Մարմինը հիմար է» գաղափարին միշտ եմ դեմ եղել. ընդհակառակը համոզված եմ, որ տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ է վերականգնվում մեր օրգանիզմը. կարծում եմ մի պարզ պատճառով՝ վերականգնվում է այն, ինչ փչանում է: Ասել է թե, մինչեւ չփչացնենք, կարիք չի լինի վերականգնելու: Այսինքն սա պարզ ազդակ է մեզ համար: Էլ ավելին, ամենամեծ շնորհներից մեկը Աստծուց մեզ տրված հենց մեր մարմինն է: Մնում է միայն մի վատ բան, մենք մեր մարմինը հիմարացնում ենք կյանքի ընթացքում, ես կասեի բթացնում ենք: Մինչդեռ ունենք հիանալի շնորհ մեզ միշտ նոր, առողջ ու թարմ զգալու եւ որ ամենակարեւորն է` իմաստուն:

Զարգացնելով թեկուզ ամենաանհեթեթ տեսությունը՝ մարդը կարող է անհատապես հասնել սով պահելուն: Այսինքն, հորինում ենք մի տեսություն մեզ համար, քանի որ գիտենք մեր թույլ եւ ուժեղ կողմերը: Իսկ երբ արդեն ձեռք ենք բերում համապատասխան հմտությունները, կարելի է արդեն իմաստավորել սովի հոգեբանական մասը՝ ըստ էության:

Այլընտրանքային տարբերակ էլ կա. կամքը զարգացնելու համար սկզբում մարդը հոգեբանորեն կարող է հենվել կարոտի վրա` թերեւս աշխարհի ամենաամուր ու ամենաթույլ հենարանը: Բայց ինչպես ասում են` ամեն ինչ կախված է տրամադրությունից ու տրամադրվելուց: Օրինակ` ծխելը թողնելուց հետո հեշտությամբ հասկանում ես, որ կարոտել էիր մի պարզ ու էական բան` թթվածինը (ասածիս մեջ ծխողները դժվար թե ռոմանտիզմ գտնեն): Որոշ ժամանակ երաժշտություն չլսելով` ականջներդ լվացվում են, մաքրվում այնքան, որ հետո էլ ավելի ուժեղ ես լսում….Չկարդալով, էլի որոշ ժամանակ, գալիս ես հոգուդ սովոր տեղին, որ կարդաս այն, ինչով իրոք ծարավ է հոգիդ: Քնելուց հետո` ամեն առավոտ ամեն ինչի գույնը լիքն է երեւում: Այսինքն, բնությունը մեզ անընդհատ հասկացնում է, որ ամեն ինչ է’լ ավելի ուժեղ իմաստ է ստանում միայն ու միայն դադարից հետո: Ճիշտ այսպես կարելի է կարոտել թեթեւությունը, ինչու չէ նաեւ թեթեւ քաշը, որն անպայմանորեն բերում է հոգեկան թեթեւության, մի բանի, որ ի սկզբանե նախատեսված է եղել մեր համար:

Ի վերջո շատ լցվում է միայն ու միայն մի բան՝ դատարկությունը: Իսկ մենք ի սկզբանե «դատարկ» չենք լինում. մարդը տարիների ընթացքում է իրեն դարձնում այսպիսին: Տատս, օրինակ, երբ փոքր ժամանակ գիրք էի կարդում ինչ-որ բան ծամելով, ասում էր. «Ա՛յ, բալա, կե՛ր, հետո կկարդաս, որ ուղեղդ աշխատի»…. Տարիների ընթացքում էլ ավելի համոզվեցի պարզ խոսքերի իմաստության մեջ. բոլոր ինչ-որ չափով իմաստուն մտքերն այցելում են ինձ գիշերը, երբ օրգանիզմս գտնվում է օրվա ամենահանգիստ վիճակում, իսկ ստեղծագործել եմ միշտ դատարկված, սոված ժամանակ: Կան բաներ, որ դեռ նոր եմ հասկանալու: Իսկ հասկանալ կարողանում եմ միայն ինքնազննման միջոցով: Ինչ արդեն հասկացել եմ, համոզել է ինձ լիովին, որ սոված ես ավելի «լավն» եմ: Ուղղակի պետք է «կարդալ» սեփական օրգանիզմը, մտքերը, ցանկությունները, քանի որ ամեն վայրկյան դրանք մեզ ինչ-որ կարեւոր տեղեկություն են տալիս: Ամեն մարդ ունի հնարավորություն ու ժամանակ սա անձամբ զգալու:

Որովհետեւ ինչպես որ, երբ մարմինը կերակուրներով զորանում է, հոգին տկարանում է, այդպես էլ, երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին զորանում է. ըստ այսմ. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. ԺԲ 10)….

Նշագրեր: , ,

Բաժին: Այլ

Մեկնաբանեք