Երկու խոսք

«Գրված է` միայն հացով չի ապրի մարդ,
այլ` այն ամեն խոսքով,
որ դուրս է գալիս Աստծո բերանից»
Մատթեոս Դ 4

Երկու խոսք

Հայ Եկեղեցու ծիսակարգում պահոց օրերը շատ են: Այդ օրերին Եկեղեցին թելադրում է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվել բուսական կերակուրներով: Պահքի խորհուրդը, անշուշտ, չի սահմանափակվում միայն կերակուրների ու ըմպելիքների վրա ինչ-որ արգելքներ դնելով, պահոց օրերին Եկեղեցին պատգամում է սնվել նաև կենդանի հացով` Աստծո խոսքով: Այս առումով նշանակալի է Մեծ պահքի շրջանը` իր յուրահատուկ խորհրդավոանությամբ` հրավիրելով հավատացյալներին ինքնաքննության, զղջումի, ապաշխարության:

Մեր Եկեղեցու ծիսակարգում Մեծ պահքի շրջանը «ոսկե շղթա» է կազմում, ուր ամեն օղակ` կիրակի, ունի իր խորհուրդը, իսկ բոլորը միասին կարծես ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկության փրկագործության ուղին:

Առաջին կիրակին` Բուն բարեկենդանը, խորհրդանշում է Եդեմական պարտեզում Ադամի և Եվայի` Աստծո ներկայությամբ ապրած երանության օրերը:
Արտաքսման կիրակին խորհրդանշում է անհնազանդության պատճ առով Եդեմական պարտեզից արտաքսվելը: Արտաքսված այդ վիճակը, անշուշտ, միայն Ադամին և Եվային չի երաբերում, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հեռացած են Աստծուց, Եկեղեցուց դուրս են, սուրբգրային կենարար պատգամներին անհաղորդ: Հենց այստեղ է ի հայտ գալիս Աստծո փրկարար սերը հեռու-հեռվում գտնվող Իր զավակների հանդեպ: Անառակի կիրակին այդ հետդարձի ճանապարհն է նկարագրում:

Տնտեսի կիրակին պատգամում է մեզ տրված տնտեսության մեջ հավատարմություն ցուցաբերել, քանի որ այս աշխարհում ամեն մի մարդ տնտես է իր ունեցվածքի վրա, այդ թվում նաև իր կյանքի, իրեն տրված շնորհների և անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինի այդ տնտեսությունը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ է տալու Աստծուն:

Դատավորի կիրակին անձանձրույթ աղոթելու, ձեռնարկած բոլոր գործերը մինչև վերջ հասցնելու պատգամն է խորհրդանշում, որպեսզի Դատաստանի` Երկրորդ Գալստյան օրը (Գալստյան կիրակի) մաքուր սրտով ու անկեղծ հավատով դիմավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Ցարդ, Մեծ պահքի կիրակիներին նվիրված լավագույն գրքերից է համարվում Շնորհք պատրիարքի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գիրքը, ուր հավուր պատշաճի ներկայացվում են վերը նշված կիրակիները:

Մայր Աթոռի ՔԴԿն հայ ընթերցողին սիրով ներկայացնում է անգնահատելի և մեզանում մեծ պահանջարկ ունեցող այդ գիրքը` արևելահայերեն փոխադրությամբ, որն իրականացրել է ՔԴԿ աշխատակից Գ. Անտոնյանը:

Հուսով ենք, որ ներկա հրատարակությունը օգտակար կլինի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, աշակերտների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ Եկեղեցուն նվիրված հարցերով:

ՂԵՎՈՆԴ քահանա ՄԱՅԻԼՅԱՆ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Բովանդակություն